Փարիզում սկսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը
ՄիջազգայինՓարիզում սկսվել է Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու առաջին երկկողմ հանդիպումը, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկու երկրների առաջնորդների բանակցությունները անցնում են «նորմանդական» ձեւաչափով գագաթաժողովից հետո։ ԶԼՄ-ների ակնդետ ուշադրությունը գամված է հենց այս երկկողմ հանդիպմանը։ Նախագահները դեռեւս երբեք չէին հանդիպել, միայն մի քանի անգամ հեռախոսազրույց էին ունեցել։
Հանդիպման սկզբին Ուկրաինայի նախագահը շփոթել է սեղանի շուրջ տեղերը եւ ցանկացել է նստել Ռուսաստանի առաջնորդի տեղը։ Այնուհետեւ Զելենսկին մեջքով դեպի նկարահանման խցիկը բացել է փաստաթղթերով թղթապանակը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան ձեռքով ցույց է տվել, որ հետեւում լրագրողներն են։ Զելենսկին միանգամից չի հասկացել, թե ինչ են իրեն ասում։ Այդ ժամանակ Ռուսաստանի նախագահը խնդրել է նրան շրջվել, որից հետո Զելենսկին, նայելով տեսախցիկին, ժպտացել է։