«Շեկո» մականվամբ տղամարդը, որը, ըստ պատգամավոր Կարոն Սարուխանյանի՝ հարվածել է իր ընկերոջը, բերման է ենթարկվել
Օրվա իրադարձություններ«Շեկո» մականվամբ տղամարդը, որը, ըստ պատգամավոր Կարոն Սարուխանյանի հաղորդման, հարվածել է իր ընկերոջը, բերման է ենթարկվել ոստիկանություն։
Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում է կատարել, ըստ որի՝ ժամեր առաջ Գյումրիում երկու հոգի խփել են ընկերոջը և սպառնացել, որ հաջորդը ինքն է լինելու, ֆեյսբուքյան իր էջում գրում է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնում հաղորդում է ստացվել։ Բաժնի ծառայողները, ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են միջադեպի մասնակից անձանց ինքնությունը։
«Շեկո» մականվամբ 30-ամյա տղամարդը, որը Գյումրու բնակիչ է, հայտնաբերվել և ժամը 22-ի սահմաններում բերման է ենթարկվել ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժին։
Միջոցառումները շարունակվում են միջադեպի մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության հատկանիշներով, բերման ենթարկված անձը ձերբակալվել է։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։