ՏԿԵ նախարարը տարեվերջյան ամփոփիչ խորհրդակցություն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ
ՏնտեսությունՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանն այսօր՝ դեկտեմբերի 11–ին, աշխատանքային խորհրդակցությունն է անցկացրել ջրօգտագործող ընկերությունների տնօրենների հետ, որին մասնակցել են նաև ՏԿԵՆ ջրային կոմիտեի նախագահ Վարդան Մելքոնյանը և նրա տեղակալ Հարություն Գուլյանը: Այս մասին NEWS.am-ին հայտնում են ՏԿԵ նախարարության լրատվական ծառայությունից։
Խորհրդակցության ընթացքում ՋՕԸ տնօրենները նախարարին են զեկուցել հավաքագրումների ցուցանիշները, որից հետո ամփոփվել են տարվա ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները։ Ըստ ներկայացված տվյալների՝ 2019թ․ դեկտեմբերի 11-ի դրությամբ ջրօգտագործողներին մատակարարվել է 549,4 մլն խմ ջուր, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ հավաքագրման ցուցանիշն աճել է 796 մլն դրամով։
Միաժամանակ, նախարար Սուրեն Պապիկյանը ՋՕԸ-երի գործունեությունը Ջրային կոմիտեի հետ տարեսկզբին համաձայնեցված ծրագրային ցուցանիշներն ապահովելու առումով գնահատել է ոչ բավարար և հանձնարարել ընկերությունների տնօրեններին մինչև տարեվերջ բարձրացնել վարձավճարների գանձման ցուցանիշը։
«Յուրաքանչյուր ջրօգտագործող ընկերության տնօրեն պատասխանատու է իր ղեկավարած համակարգի գործունեության արդյունավետության և սպասարկվող տարածքում ջրային ռեսուրսների կառավարման համար»,- շեշտել է նախարարը։
ՏԿԵ նախարարը հորդորել է ՋՕԸ-երի ղեկավարներին գալիք տարում աշխատանքի և վարչարարության ճիշտ պլանավորմամբ քայլեր ձեռնարկել՝ ջրօգտագործողների հետ խնդիրներից և նոր պարտքերի կուտակումից խուսափելու համար։