ԱՄՆ-ում 50-ից ավելի մարդ է տուժել 69 ավտոմոբիլի վթարից
ՄիջազգայինԱՄՆ-ի Վիրջինիայի նահանգի ավտոմայրուղում զանգվածային վթարի հետեւանքով տուժածների թիվը հասել է 51-ի: Այդ մասին Twitter-ում հայտնել է նահանգի ոստիկանությունը:
Այնտեղ նշված է, որ 51 տուժածներից 11-ը ծանր վիճակում են, բայց կյանքի սպառնալիք չկա: Նրանք բոլորը հոսպիտալացված են: Ոչ ոք չի զոհվել:
Նաեւ ոստիկանությունում հավաստել են, որ վթարի պատճառներ են դարձել վատ եղանակային պայմանները՝ մառախուղը եւ մերկասառույցը:
Այս պահին մայրուղում երթեւեկությունը լիովին վերականգնված է, հավելել են նահանգի տրանսպորտի դեպարտամենտում:
Վիրջինիայով ձգվող I-64 ավտոմայրուղում զանգվածային վթարը տեղի է ունեցել (տեղական ժամանակով) դեկտեմբերի 22-ի առավոտյան: Սկզբում տեղեկացվել էր, որ բախվել է 63 ավտոմեքենա, ինչի հետեւանքով տուժել է 35 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: