Հայաստանում տնտեսական աճն իրականում երկու անգամ պակաս է պաշտոնական թվերից. նախկին վարչապետ
ՏնտեսությունԱնցած տարի հրապարակվել էր 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը, այս տարի՝ 6.5 կամ 7 տոկոս, եւ այդ թվերը նույնպես «նկարված են», քանի որ չափազանցված են շուրջ երկու անգամ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին՝ տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ, հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով՝ ներդրումների մասին ցուցանիշները նույնպես սխալ են, քանի որ ընտրված է հաշվարկի սխալ մեթոդաբանություն:
Նա ընդգծել է, որ անցած տարի աշխատավարձն ավելացել է 3.8 տոկոսով, նույն ժամանակաշրջանի կտրվածքով գնաճը կազմել է 2.5 տոկոս, իսկ այս տարի աշխատավարձն աճել է 5.9 տոկոսով, իսկ գնաճը՝ 1.5 տոկոսով: «Սակայն իշխանություններն այստեղ հաշվի են առնում նաեւ կուտակային կենսաթոշակային համակարգը եւ դիտարկում դա որպես եկամուտ, սակայն դա այդպես չէ»,-պարզաբանել է նա:
Նա հավելել է, որ միակ ելքը դրամի փոխարժեքի բարձրացումն է, եւ եթե Կենտրոնական բանկը դա չանի, կառաջանա ռիսկ, որ մեկ օրվա ընթացքում ցանկացած ժամանակ կյանքի որակը Հայաստանում կարող է ընկնել 2.5-3 անգամ, ինչը Հայաստանը կդարձնի տնտեսական գերեզմանատուն: «Ներկայիս կառավարության օրոք մենք լավագույն դեպքում կունենանք տնտեսական կորուստներ, ամենավատ սցենարով՝ այդ կորուստները կարող են հսկայական լինել»,-ամփոփել է վարչապետը: