Կատարի ներդրումային հիմնադրամը հետաքրքրված է Հայաստանի հետ տնտեսական կապերի զարգացմամբ
ՏնտեսությունՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Կատարի ներդրումային հիմնադրամի գործադիր տնօրեն Մանսուր բին Էբրահիմ ալ Մահմուդի հետ։
Զրուցակիցներն անդրադարձել են նախագահ Սարգսյանի՝ վերջերս Կատարի Պետություն կատարած արդյունավետ այցերին և ձեռք բերված պայմանավորվածություններին՝ նշելով, որ Կատարում Հայաստանի դեսպանության բացումը, մուտքի արտոնագրային ռեժիմի չեղարկումը, ինչպես նաև ուղիղ օդային հաղորդակցության առկայությունը լավ նախադրյալներ են ստեղծում երկու երկրների միջև գործարար շփումների ակտիվացման համար: Քննարկվել են համագործակցության ուղղությունների ու ներդրումային ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ մասնավորապես հեռանկարային համարելով առողջապահության, գիտության, կրթության և տեխնոլոգիաների, սննդի անվտանգության, զբոսաշրջության և մի շարք այլ ոլորտներում։