Էկվադորի նախագահը ներողություն է խնդրել կանանց նկատմամբ ոտնձգությունների մասին հայտարարության համար
ՄիջազգայինԷկվադորի նախագահ Լենին Մորենոն ներողություն է խնդրել կանանց մասին ավելի վաղ հնչեցրած վիրավորական հայտարարության համար, հաղորդում է BBC News-ը:
Գուայաքիլում իր ելույթի ժամանակ Մորենոն հայտարարել էր, որ կանայք հայտնում են ոտնձգությունների մասին, «երբ դրանք կատարվում են տգեղ տղամարդկանց կողմից»:
Դեռ ավելին, Էկվադորի նախագահի կարծիքով՝ տղամարդիկ մշտապես բախվում են կանանց կողմից սեռական ոտնձգությունների մասին կեղծ մեղադրանքների սպառնալիքի հետ:
Մորենոյի հայտարարությունը զայրույթ էր առաջացրել, եւ նախագահը թվիթերյան իր էջում ներողություն էր խնդրել:
«Ես մտադրություն չեմ ունեցել բռնության կամ ոտնձգությունների պես լուրջ խնդրի նշանակությունը պակասեցնելու: Ես ներողություն եմ խնդրում, որ դա հենց այդպես է հասկացվել: Ես մերժում եմ կանանց նկատմամբ ամեն տեսակ բռնությունը»,- գրել է Լենին Մորենոն Twitter-ի իր միկրոբլոգում: