Սոմալիի իշխանություններն արտակարգ դրություն են հայտարարել մորեխների հարձակման հետեւանքով
ՄիջազգայինՍոմալիի կառավարությունը հայտարարել է արտակարգ դրություն երկրում մորեխների հարձակման կապակցությամբ: Այդ մասին կիրակի հայտարարել է երկրի գյուղատնտեսության նախարար Սաիդ Հուսեյն Իդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Դաշնային կառավարությունը մտահոգված է սպառնալիքով, որն անապատային մորեխը ներկայացնում է երկրի գյուղատնտեսության եւ ապագա բերքի համար,-Սոմալիի Shabelle ռադիոն մեջբերել է նախարարի խոսքերը:-Հաշվի առնելով մորեխների հարձակմամբ պայմանավորված իրավիճակի լրջությունը՝ մենք պետք է բոլոր ջանքերը գործադրենք երկրի պարենային անվտանգությունը պաշտպանելու համար, հակառակ դեպքում Սոմալիում լուրջ պարենային ճգնաժամ կսկսվի»:
Սոմալիում անապատային մորեխների հետեւանքով վնասվել են առաջին հերթին հարավային եւ արեւմտյան շրջանները: Ըստ ՄԱԿ-ի Պարենային եւ գյուղատնտեսական կազմակերպության մասնագետների՝ մորեխներն արդեն ոչնչացրել են Սոմալիի եւ Եթովպիայի արեւելյան շրջանների գյուղատնտեսական հողերի 70 տոկոսի բերքը: Սոմալիում այդ միջատների այդպիսի խոշոր հարձակում չէր գրանցվել վերջին 25 տարիների ընթացքում: Մի շարք շրջաններում այժմ կիրառվում է ավիացիա պեստիցիդների միջոցով մորեխներին ոչնչացնելու համար, սակայն հատուկ սարքավորումներով հագեցած ինքնաթիռների քանակը բավարար չէ անգամ իրավիճակը կայունացնելու համար: