Ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երեւանում. Անձնակազմից պահանջվել է լինել կոռեկտ
ՀասարակությունՀասարակական անվտանգությամբ մտահոգ՝ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացրել Երեւանում:
Փետրվարի լույս 8-ի գիշերը ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի եւ ճանապարհային ոստիկանության` մայրաքաղաքը սպասարկող 1-ին սպայական գումարտակի ծառայողներն իրականացրին ուժեղացված ծառայություն։ Հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումը ղեկավարում էր ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը։ Նախքան մեկնարկը Ֆրանսիայի հրապարակում անձնակազմը հրահանգավորվեց։ Հայկ Մհրյանն ու ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ Արմեն Գասպարյանը ներկայացրին ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների եւ հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում եւ բացահայտում, ինչպես եւ հսկողություն ճանապարհային երթեւեկության կանոնների պահպանման նկատմամբ ։ Անձնակազմից պահանջվեց քաղաքացիների հետ շփումներում լինել կոռեկտ, ու, միեւանույն ժամանակ, խիստ, գործել բացառապես օրենքի տառին համապատասխան ու իրավաչափ։ Հրահանգավորումից հետո անձնակազմն անցավ ուժեղացված ծառայության։
Հասարակական անվտանգությամբ մտահոգ ոստիկանության նմանօրինակ ուժեղացված ծառայությունները պարբերական են։