Մոսկվայի կենտրոնում՝ տաճարում, տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա եւ վիրավորել երկու մարդու
ՄիջազգայինԿիրակի տղամարդը հարձակվել է ծխականների վրա Մոսկվայի կենտրոնում՝ Բակունինսկի փողոցում. վիրավորվել է երկու մարդ: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը տեղեկացրել է, որ կասկածյալը ձերբակալված է:
«Ոստիկանության աշխատակիցները տաք հետքերով հայտնաբերել եւ ձերբակալել են Լիպեցկի մարզի 23-ամյա բնակչին, որը փետրվարի 16-ի առավոտյան մուտք է գործել Բակունինսկի փողոցում եկեղեցի եւ դանակով մարմնական վիրավորում հասցրել երկու քաղաքացիներին: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոց»,-ասել է նա:
Վոլկի խոսքով՝ ոստիկանները պարզում են դեպքի հանգամանքներն ու պատճառները, ինչպես նաեւ քննվում է քրեական գործ հարուցելու հարցը:
Գործակալության զրուցակցի խոսքով՝ տղամարդը, նախնական տեղեկություններով, ադեկվատ չէր: «Ներկայումս նրան տեղափոխում են ոստիկանության բաժանմունք»,-հավելել է նա:
Ինչպես լրագրողներին հայտնել է տաճարի պրելատ Կիրիլ Սլադկովը, երկու տղամարդիկ, որոնք վիրավորվել են հարձակման հետեւանքով, վանահոր օգնականներ են:
«Հոգեւորական ծառայությանը նախապատրաստվելիս խորանի վրա ներխուժել է երիտասարդ տղամարդ եւ դանակով հարվածներ հասցրել իմ օգնականներին: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այցելուներին, անվտագնության աշխատակիցներին, որոնք օգնել են մեզ վնասազերծել հանցագործին: Շնորհակալ եմ ոստիկանության աշխատակիցներին, որոնք ժամանել են ժամանակին եւ արագ, եւ ձերբակալել նրան: Իմ օգնականների կյանքին վտանգ չի սպասվում, նրանք գտնվում են հիվանդանոցում»,-ասել է հոգեւորականը:
Նրա խոսքով՝ հարձակում գործած տղամարդն ուներ սովորական այցելուի տեսք, իսկ հարձակվելիս ոչինչ չէր բղավել: