Մոնթե Մելքոնյանին նվիրված փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում. Երևանի փոխքաղաքապետ
ՄշակույթԵրևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ Հայաստանի և Արցախի հերոս Մոնթե Մելքոնյանի մասին փաստավավերագրական ներկայացում է պատրաստվում:
«Փաստավավերագրական ներկայացում՝ նվիրված Մոնթե Մելքոնյանին. արդեն մի քանի ամիս է՝ Մոնթե Մելքոնյանի կնոջ՝ Սեդա Գպրանյան-Մելքոնյանի հետ աշխատում ենք մի հետաքրքիր ու կարևոր նախագծի վրա: Համատեղ պատրաստում ենք ստեղծագործություն, որի հիման վրա պետք է բեմադրվի ներկայացում:
Ներկայացման հիմքում լինելու են Մոնթեի՝ Սեդային հասցեագրված նամակները, որոնք արտացոլում են Մոնթեի կյանքի տարբեր շրջափուլեր՝ այդ թվում Արցախյան պատերազմի ժամանակահատվածը:
Այս ներկայացման շնորհիվ մենք Հայաստանին և աշխարհին ևս մեկ անգամ ցույց կտանք Մոնթե Մելքոնյանի տեսակը՝ որպես մարդ, մարտիկ և հերոս:
Նախագծում իր մասնակցությունն ունի Սեդան, ում հետ ակտիվ ռեժիմով աշխատում ենք նամակների վրա և ամենայն հավանականությամբ մինչև տարեվերջ կունենանք պատրաստի նյութ և կսկսենք բեմադրական աշխատանքները:
Այդ փուլում նախագծի աշխատանքներում կներգրավվեն Հայաստանում ոլորտի լավագույն ստեղծագործողներից շատերը, որպեսզի ունենանք Հայաստանի և Արցախի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանին արժանի ներկայացում»,-գրել է Տիգրան Վիրաբյանը: