Հայաստանի իշխանությունները շատ անելիքներ ունեն գյուղատնտեսության ոլորտում. ԵՄ պատվիրակության ղեկավար
ՏնտեսությունՀայաստանի իշխանությունները շատ անելիքներ ունեն գյուղատնտեսության ոլորտում, եւ այս իմաստով Եվրամիությունը, կառավարության հետ միասին, ջանքեր է գործադրում` բուսասանիտարական պայմանները բարելավելու համար: Այս մասին մարտի 4-ին լրագրողների հետ հարցազրույցում ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Նա հավելեց, որ գյուղատնտեսությունը Հայաստանի ամենախոշոր ոլորտներից մեկն է, եւ ԵՄ-ն ակտիվորեն աշխատում է` լուրջ փոփոխությունների հասնելու համար:
«Ինչ վերաբերում է «Կանաչ գյուղատնտեսությանը», ապա փորձնական ծրագրի իրականացման համար ընտրվել են այն շրջանները, որոնց բնակչությունը եկամտի համեմատաբար ցածր մակարդակ ունի: Ծրագիրը կարող է միանգամից երեք խնդիր լուծել` սննդի անվտանգության, էկոլոգիայի եւ զբաղվածության խնդիրները»,- նշեց Վիկտորինը:
Հիշեցնենք, որ «Կանաչ գյուղատնտեսություն» (EU-GAIA) ծրագիրը Հայաստանում մեկնարկել է մարտի 4-ին: Ծրագրի ընդհանուր բյուջեն 11.7 միլիոն եվրո է: Փորձնական ծրագիրը կիրականացվի Տավուշի, Լոռու եւ Շիրակի մարզերում: