Կոտայքի մարզում 17–ամյա տղան էլեկտրական լարով փորձել է խեղդամահ անել հոր 26–ամյա կնոջը
ՀասարակությունԵրեկ՝ մարտի 9-ին, ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները անհետաձգելի օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում սպանության փորձ կատարելու կասկածանքով հայտնաբերել և ոստիկանության Հրազդանի բաժի են բերման ենթարկել Կոտայքի մարզի բնակիչ, 17-ամյա Կարեն Ս.-ին: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ երեկ՝ ժամը 17:30-ի սահմաններում, Հրազդան բժշկական կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժին ահազանգ է ստացվել, որ «դեմքի փափուկ հյուսվածքների սալջարդ, պարանոցի ճմլման մասնակի ակոս» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչուհի: Հիվանդանոց մեկնած ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ տեղափոխվածը նույն մարզի բնակիչ, 26-ամյա Սուսան Մ.-ն է:
Հիվանդանոցում Սուսան Մ.-ն հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 16:00-ի սահմաններում, իր ամուսնու որդին՝ Կարեն Ս.-ն, գյուղի իրենց տանը պահանջել է իր իրերը հավաքել և տնից հեռանալ: Այդ ժամանակ Կարեն Ս.-ն հետևից մոտեցել է և էլեկտրական հոսանքի լարը գցել է իր պարանոցին, փորձելով խեղդել ու տեսնելով, որ Սուսան Մ.-ն ուշագնաց է եղել, նրան թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Կասկածյալ Կարեն Ս.-ն ոստիկանության Հրազդանի բաժնից տեղափոխվել է քննչական վարչություն, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: