Արգենտինայի մայրաքաղաքում կարանտինի ֆոնին 50%-ով նվազել է օդի աղտոտվածությունը
ՄիջազգայինԱրգենտինայի մայրաքաղաքում կորոնավիրուսի տարածման դեմ մարտի 20-ին սահմանված համընդհանուր կարանտինի ֆոնին 50%-ով նվազել է օդի աղտոտվածությունը։ Այս մասին ուրբաթ օրը հայտնել է քաղաքի կառավարության մամուլի ծառայությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը տվյալներ է հավաքել մարտի 20-25-ը մթնոլորտում աղտոտող նյութերի առկայության մասին եւ համեմատել է դրանք անցյալ տարվա նույն ժամանակահատվածի հետ։ Արդյունքները ցույց են տվել, որ ածխածնի մոնոօքսիդի, ազոտաթթվի եւ կասեցված մասնիկների խտությունը կրճատվել է 50%-ով։
Քաղաքի կառավարության գնահատականով՝ օդն ավելի մաքուր է դարձել նախեւառաջ ավտոմոբիլային թրաֆիքի զգալի նվազումից։ Երկրում պարտադիր սոցիալական մեկուսացման մասին հրամանագրի համաձայն, անձնական տրանսպորտից կարող են օգտվել միայն այն քաղաքացիները, որոնք կարող են ապացուցել, որ իրենց անհրաժեշտ է դուրս գալ տնից եւ գնալ այլ վայր։
Ինչպես նշում է Շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը, մի քանի ժամ առաջ այն բանից, երբ երկրի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը հայտարարել է համընդհանուր կարանտին մտցնելու մասին, Բուենոս Այրեսում օդի աղտոտվածության մակարդակը նկատելիորեն մեծացել է։ Փորձագետների խոսքերով՝ այդ աճը կապված է նրա հետ, որ շատ քաղաքացիներ գնացել են խանութներ, որպեսզի պատրաստվեն մեկուսացման ռեժիմին։