Դանակահարություն Երեւանում. ՍԱՍ սուպերմարկետի մոտ դանակահարել են 27-ամյա երիտասարդի
Օրվա իրադարձություններԵրեկ ՝մայիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ ժամը 03:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության կենտրոնական բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի հատվածի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գործող «ՍԱՍ» սուպերմարկետի մոտից իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Նիկոյանի գլխավորությամբ:
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, (բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել վիրավորի կյանքը) կենտրոնի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Գագիկ Գ.-ն է: Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 03:00-ի սահմաններում «ՍԱՍ» սուպերմարկետի մոտ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչներ, 26-ամյա Վլադիմիր Մ.-ի, 29-ամյա Սևան Խ.-ի, հիվանդանոց տեղափոխված Գագիկ Գ.-ի և 2 անհայտ անձանց միջև: Վիճաբանության ժամանակ Գագիկ Գ.-ն սուր կտրող-ծակող առարկայով հարված է ստացել: Ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ստացված օպերատվ տվյալներով պարզել են, որ վիճաբանությանը մասնակցել են նաև Երևանի բնակիչներ, 24-ամյա Հայկ Խ.-ն, 24-ամյա Տիգրան Թ.-ն, իսկ Գագիկ Գ.-ին դանակահարելու կասկածանքով որոնվում է Տիգրան Թ.-ն:
Ոստիկանությունը ձեռնարկում է ոչ միայն Տիգրան Թ.-ին, այլև նաև Հայկ Խ.-ին հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ:
Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Զաքարյանի որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: