Իլհամ Ալիևը չի մասնակցի Մոսկվայում հունիսի 24-ին անցկացվելիք Հաղթանակի շքերթին
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի կարողանա հունիսի 24-ին մասնակցել Մոսկվայում Հաղթանակի օրվա շքերթին՝ երկրում կորոնավիրուսի հետ կապված կարանտինային ռեժիմի պատճառով։ Հանրապետությունը ներկայացնելու է Պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը, ասվում է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Հինգշաբթի օրը Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններն ու կորոնավիրուսային համաճարակի հետ կապված իրավիճակը։
«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զրույցի ընթացքում ասաց, որ երկրում կարանտինային ռեժիմի երկարաձգման պատճառով (մինչև հուլիսի 1-ը) չի կարողանա մասնակցել Մոսկվայում Հաղթանակի շքերթին։ Նա ափսոսանք հայտնեց այդ կապակցությամբ։ Միջոցառմանը կմասնակցի հանրապետության պաշտպանության նախարարն ու 75 զինծառայող», - ասված է Ալիևի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ավելի վաղ որոշել էր Հաղթանակի 75-ամյակի շքերթը հետաձգել՝ համաճարակաբանական ծանր իրավիճակի պատճառով: Մայիսի 9-ին Ռուսաստանի քաղաքներում տեղի ունեցան օդային շքերթներ և տոնական հրավառություն: Մայիսի վերջին նախագահը հայտարարեց, որ Հաղթանակի շքերթը կանցկացվի հունիսի 24-ին: