Բաքվում ցույցը վերածվել է հակաալիևական բողոքի․ ցուցարարները ներխուժել են խորհրդարանի շենք (տեսանյութ)
ՄիջազգայինԲաքվում, ի պաշտպանություն ադրբեջանական բանակի, տեղի են ունեցել մեծ և չարտոնված հավաքներ և երթ։
Երիտասարդները երթով շարժվել են Ադրբեջանի մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով՝ վանկարկելով հայրենասիրական կարգախոսներ: Ցուցարարների թիվը հատել է հազարի շեմը, ստույգ թվաքանակի վերաբերյալ, սակայն, պաշտոնական տվյալներ չկան: Ակցիայի մասնակիցները ուղևորվել են դեպի նախագահի աշխատակազմի շենք։ Նրանց ուղեկցել են ոստիկանության ստորաբաժանումները, որոնք չեն միջամտել գործընթացին: Ակցիայի մասնակիցները ծածանել են իրենց ազգային դրոշները՝ վանկարկելով «Ղարաբաղը մերն է», «Փառք բանակին», «Զինվորներ, առաջ»։ Այնուհետև մի խումբ ցուցարարներ ներխուժել են խորհրդարանի շենք։ Ոստիկանությունը նրանց կանգնեցնելու համար օգտագործել է ջրցան մեքենաներ և բերման ենթարկել նրանցից մի քանիսին։ Ոստիկանները կենդանի պատվարներ են ստեղծել Բաքվի մի քանի կենտրոնական փողոցներում` մարդկանց՝ դեպի խորհրդարանի, նախագահի աշխատակազմ և պաշտպանության նախարարության շենքեր ներհոսքը կանխելու համար։