ՆԱՍԱ-ի տիեզերագնացները վայրէջք են կատարել Մեքսիկայի ծոցում
ՄիջազգայինԱմերիկացի տիեզերագնացներ Դուգլաս Հարլին և Ռոբերտ Բենկենը բարեհաջող կերպով վերադարձել են ուղեծրից՝ վայրէջք կատարելով Մեքսիկայի ծոցում՝ Ֆլորիդայի ափերին: Սա 45 տարվա ընթացքում ՆԱՍԱ-ի տիեզերագնացների առաջին նման վայրէջքն էր և իսկական փորձություն Իլոն Մասկի Space X ընկերության համար:
Space X-ի Crew Dragon տիեզերանավը տիեզերք էր մեկնել մայիսի 30-ին և միակցվել Միջազգային տիեզերակայանին: Դա պատմական թռիչք էր, քանի որ 2011թ.-ից ի վեր առաջին անգամ էր, որ ամերիկյան տիեզերանավը տիեզերագնացներով դուրս էր եկել Երկրի ուղեծիր: Բացի այդ, ՆԱՍԱ-ի տիեզերագնացներն առաջին անգամ են տիեզերք մեկնել կոմերցիոն տիեզերանավով:
Սա իսկապես մեծ ձեռքբերում է Space X-ի և ընդհանրապես կոմերցիոն տիեզերագնացության համար: Այսուհետ ՆԱՍԱ-ն իր տիեզերագնացներին ուղեծիր տանելու համար կօգտվի ոչ թե ռուսական հրթիռներից, այլ ամերիկյան կոմերցիոն ընկերության ծառայություններից: