Ֆրանսիայում տղամարդուն նրա երեխաների աչքի առաջ մահակներով ծեծել են՝ դիմակ դնելու խնդրանքի պատճառով
ՄիջազգայինՖրանսիական Սուազի սու Մոնմորանսի քաղաքի լվացքատներից մեկում տղամարդկանց խումբը մահակներով ծեծի է ենթարկել մի տղամարդու նրա երեխաների աչքի առաջ` դիմակ կրելու նախազգուշացման համար: Այս մասին տեղեկացնում է France Bleu ռադիոկայանը:
«44-ամյա տղամարդը հարձակման է ենթարկվել Սուազի սու Մոնմորանսիի լվացքատանը՝ այն պատճառով, որ այցելուներից մեկին խնդրել է դիմակ կրել»,-ասված է հաղորդագրության մեջ:
Դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 2-ի երեկոյան: Տուժածը լվացքատուն էր եկել 5 և 7 տարեկան երեխաների հետ և մեկ այլ այցելուի նկատողություն էր արել դիմակ չկրելու համար: Տղամարդը պատասխանել էր նկատողությանը և դուրս եկել, սակայն շուտով վերադարձել էր երեք այլ տղամարդու հետ, որոնցից երկուսի ձեռքին մահակներ են եղել: Նրանք ծեծել են տղամարդուն երեխաների աչքի առաջ` նրան գետնին տապալելով:
Հոսպիտալացումից հետո տղամարդու ծոծրակին 6 կար են դրել, ինչպես նաև մեջքի վնասվածքներ են ախտորոշել: