Եթե Ոստիկանության այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիսին, այսօր հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք ունենալու. Տիգրան Ավինյան (տեսանյութ)
TVՏուգանելը Ոստիկանության պարտականությունն է: Այս մասին ԱԺ հատուկ նիստին հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Այվազյանի դիտարկմանը, թե քաղաքացիների շրջանում տպավորություն է, որ Ոստիկանության վրա պլան է դրված, որ կոնկրետ թվով մարդ պետք է տուգանվի, և հարցին՝ այս հարցում մեղմացումներ չե՞ն լինելու:
«Ոստիկանության հիմնական գործառույթը հետևելն է, որ հակահամաճարակային կանոնները պահպանվեն: Վերջին մեկ օրվա ընթացքում 3800 տուգանք է եղել, ինչը նշանակում է, որ մենք դեռևս շարունակում ենք կանոնները ոչ պատշաճ պահպանել: Նաև Ոստիկանության այսօրվա էֆեկտիվ աշխատանքն է, որ հակահամաճարակային իրավիճակի և մեր օրական թվերի վրա որոշակի ազդեցություն է ունեցել»,-ասաց Ավինյանը:
ՀՀ պարետը նաև նշեց, թե Ոստիկանության գործողություններում որոշակի կոշտությունն իրականում արդյունավետ է: «Եթե այս կոշտությունն ունենայինք ապրիլ-մայիս ամիսների ընթացքում, համոզված եմ, որ հակահամաճարակային իրավիճակում մի փոքր այլ պատկեր էինք այսօր ունենալու: Այս կանոնի սահմանման հիմնական իմաստն այն է, որ դառնա վարքագծային կանոն: Սովորենք, որ հնարավորինս կանխարգելենք վարակի տարածումը»,-նշեց փոխվարչապետը: