Քրեական ենթամշակույթի դեմ իրականացվող ակտիվ պայքարի շրջանակներում, ինչպես և հասարակության մեջ այդպիսի դրսևորումները արմատախիլ անելու նպատակով Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ղեկավարելու, ինչպես և տարբեր անձանց կողմից այդպիսի խմբավորմանը մասնակցելու վերաբերյալ:
Ըստ տեղեկությունների` մի տղամարդ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձից իր պարտքը ստանալու նպատակով մայիսին դիմել է քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի, այսպես կոչված՝ «օրենքով գող»-ի: Վերջինս հրահանգել է իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակցին, տվյալ քրեակատարողական հիմնարկի, այսպես կոչված «զոն նայողի» հետ միասին լուծել այդ հարցը: Վերջինս էլ, օգտվելով տվյալ ՔԿՀ-ում իր քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակից, ձեռնամուխ է եղել «օրենքով գողի» հրահանգի կատարմանը, ներգրավելով իր կողմից ղեկավարվող՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներին և այդ նպատակով ձեռնարկելով գործուն միջոցներ: