Վերընտրվելու դեպքում Իրանի հետ համաձայնության կհասնենք 3 շաբաթվա ընթացքում. Թրամփ
ՄիջազգայինԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակի դեպքում Իրանի հետ համաձայնությունների կհասնի մոտ 3 շաբաթվա ընթացքում: Այդ մասին նա հայտարարել է օգոստոսի 23-ին: Այս մասին տեղեկանում ենք regionmonitor—ից։
Պատմելով, թե ինքն ինչ ուղեգիծ կվարի վերընտրվելու դեպքում, Թրամփը նշել է. «Իրանի հետ գործարք կկնքեմ առաջին 3 շաբաթվա ընթացքում: Նրանք պարզապես սպասում են և սաստիկ ցանկանում են գործարք կնքել»:
Այնուհետև նա նշել է, որ դեմոկրատների թեկնածու Ջոզեֆ Բայդենի ընտրվելու պարագայում, Իրանը ևս նմանատիպ գործարք կկնքի, ինչպես դա արել է Ջոն Քերիի և Բարաք Օբամայի հետ:
Սպիտակ տան ղեկավարը գործարքներ կնքելու հետ կապված «անիրազեկ» է անվանել Քերիին և Օբամային:
Նշենք, որ Թրամփը բազմիցս հայտնել է Իրանի իշխանությունների հետ երկխոսությունը վերսկսելու պատրաստակամության մասին:
Իրանը և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա), ինչպես նաև Գերմանիան 2015 թվականին մշակեցին «Գործողությունների համատեղ համապարփակ պլանը» (ԳՀՀՊ), որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի պատժամիջոցների և ԱՄՆ-ի ու ԵՄ-ի միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն: