Նավալնին շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ և միացված է արհեստական շնչառության սարքին. Բեռլինի Charite հիվանդանոց
ՄիջազգայինԲեռլինի Charite հիվանդանոցում գտնվող ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին շարունակում է գտնվել արհեստական կոմայի մեջ և միացված է արհեստական շնչառության ապարատին: Այս մասին, ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հայտնել են բեռլինյան հիվանդանոցից:
Հաղորդվում է, որ նրա վիճակը կայուն է, խոլինէստերազի ինհիբիտորներով թունավորման սիմպտոմատիկան նվազման միտում է ցույց տալիս:
Ըստ հիվանդանոցի՝ Նավալնիի կյանքին սուր վտանգ չի սպառնում, հիվանդության հետևանքները պարզ չեն:
«Ինչպես նախկինում, ծանր թունավորման երկարատև հետևանքներն ակնհայտ չեն», - հավելել են բժիշկները:
Ավելի վաղ բեռլինյան հիվանդանոցի բժիշկները հաստատել էին Ալեքսեյ Նավալնիի թունավորված լինելը։ Նրա արյան մեջ թունավորման (ինտոքսիկացիա) հետքեր են հայտնաբերվել, չեն բացառվում հետևանքները նյարդային համակարգի վրա։
Հիշեցնենք, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի ինքնազգացողությունը Տոմսկ քաղաքից Մոսկվա վերադառնալիս վատացել էր։ Ինքնաթիռն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում․ Նավալնիին թունավորման կասկածանքով շտապօգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց։
Հաղորդվել էր նաև, որ Նավալնին Տոմսկի օդանավակայանի սրճարանում սև թեյ է խմել, այնտեղ ներքին ստուգում են անցկացնում։