«Կրակելով սպանել են, ապա այրել մարմինը». Սեուլը Փհենյանին մեղադրել է հարավկորեացի պաշտոնյայի սպանության համար
ՄիջազգայինՀարավային Կորեան հայտարարել է, որ ԿԺԴՀ-ի իշխանությունները սպանել են ավելի վաղ հերթապահության ժամանակ սահմանամերձ ջրերում անհետացած իրենց պաշտոնյային, գրում է The Guardian-ը։
Սեուլում պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Օվկիանոսների և ձկնորսության նախարարության 47-ամյա պաշտոնյան Ենփհեն արևմտյան սահմանային կղզու ջրերում տեսչական մոտորանավակից անհետանալուց հետո սպանվել է, իսկ նրա դին՝ այրվել։
«Մեր զինվորականների կողմից տարբեր հետախուզական տվյալների մանրակրկիտ վերլուծության համաձայն՝ Հյուսիսային Կորեան պաշտոնյային հայտնաբերել է իր ջրերում և դաժան հաշվեհարդար տեսել՝ կրակելով սպանել է, ապա այրել նրա մարմինը»,- ասված է նախարարության հայտարարությունում:
«Մենք խստորեն դատապարտում ենք Հյուսիսային Կորեայի կողմից նման վայրագությունը և պահանջում ենք բացատրություն տալ և պատժել մեղավորներին։ Մենք խստորեն նախազգուշացնում ենք, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունն ընկած է Հյուսիսային Կորեայի վրա», - հայտարարել են Պաշտպանության նախարարությունում։
Հիշեցնենք, որ երկու երկրների հարաբերությունները հունիսին սրվել են հարավկորեացի ակտիվիստների ուղարկած քարոզչական թռուցիկների պատճառով: