ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը Փաշինյանի կողմից եռակողմ հայտարարության ստորագրումը խիզախություն է համարել
TVՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից խիզախություն է համարում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածության ստորագրումը: Այս մասին Պուտինն ասաց դեկտեմբերի 2-ին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի առցանց նստաշրջանի ընթացքում:
«Հայաստանը, հայ ժողովուրդը ապրում էին իրենց պատմության դժվարին ժամանակներից մեկը և Հայաստանի ղեկավարությունը, կառավարության ղեկավար-վարչապետը ստիպված էին կայացնել շատ դժվար, բայց անհրաժեշտ որոշում հայ ժողովրդի համար: Պետք է ասեմ, որ այդ որոշումներն, իհարկե, ցավոտ էին, բայց անհրաժեշտ ու մեծ անձնական խիզախություն էին պահանջում վարչապետից: Դա ակնհայտ է: Նա այդ պատասխանատվությունն իր վրա վերցրեց»,- ասաց Պուտինը:
ՌԴ նախագահը նշեց, որ հիմա անհրաժեշտ է աջակցել անձամբ վարչապետին և նրա թիմին, որպեսզի ապահովվի երկրում խաղաղ կյանքը, կատարվեն բոլոր պայմանավորվածությունները ու աջակցություն ստանան անձինք, որոնք հայտնվել են կյանքի դժվարին պայմաններում: