«Աշխարհը կարող է երազել համավարակի ավարտի մասին»․ ԱՀԿ ղեկավար
ՄիջազգայինԱռողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհան Ղեբրեյեսուսը հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումների դրական արդյունքները նշանակում են, որ աշխարհը «կարող է երազել համավարակի ավարտի մասին», գրում է The Washinton Post-ը։
Համավարակին նվիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջին նստաշրջանում իր ելույթում ԱՀԿ ղեկավարը նախազգուշացրել է, որ թեև կորոնավիրուսի տարածումը կարող է կանգ առնել, «առջևում դժվարին ճանապարհ է սպասվում»։
Ինչպես նշել է նա, պատվաստանյութը չի վերացնի վիրուսի պատճառած վնասները՝ աղքատությունը, սովը, անհավասարությունը և կլիմայի փոփոխությունը, որոնց դեմ, նրա խոսքով, անհրաժեշտ է պայքարել համավարակի անմիջապես ավարտից հետո։
Նա նաև ընդգծել է, որ համավարակը ցույց տվեց մարդկության ինչպես լավ, այնպես էլ վատ կողմերը։ Ինչ վերաբերում է պատվաստանյութերին, ԱՀԿ ղեկավարը հայտնել է, որ «թունելի վերջում լույսն ավելի պայծառ է դառնում»։