Ինչ է ախտորոշվել 70-օրյա անհայտությունից վերադարձած 6 զինվորների մոտ
TVԱվելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող եւ նախօրեին որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերված ժամկետային 6 զինծառայողների առողջական վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի անոթային վիրաբույժ Գուրգեն Հակոբյանը։
«Իրենց մոտ ախտորոշումը ստորին վերջույթների ցրտահարություն է՝ ոտնաթաթերի հատվածում։ Հիվանդներից ամեն մեկի մոտ ցրտահարությունը տարբեր աստիճանի է։ Ներկա պահին որեւէ մեկի ստորին վերջույթներին վտանգ չի սպառնում, հետագայում պետք է բուժման ընթացքին հետեւել»,- նշեց վիրաբույժը՝ հավելելով, որ տղաները դեռ կշարունակեն մնալ բժիշկների հսկողության ներքո։
Հիշեցնենք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով, նախօրեին հայտնաբերվել են ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ՝ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը եւ Ռուսլան Սարգիսի Թումանյանը։