80 տարվա ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումը կաթվածահար է արել Մադրիդը
ՄիջազգայինՈւրբաթ օրը՝ հունվարի 8-ին սկսված ուժեղ ձյան տեղումն Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում կաթվածահար է արել միջազգային օդանավակայան Բարախասի աշխատանքը: Այս մասին Twitter-ում գրել է Օդանավակայանների պետական վարչությունը: Հոդվածը վերցրել ենք lenta.ru կայքից:
Վերջին 80 տարիների ընթացքում ամենաուժեղ ձյան տեղումի պատճառով Մադրիդում կարմիր ահազանգ է: Այս կապակցությամբ օդանավակայանի աշխատանքը դադարեցվել է մինչև տեսանելության բարելավումը: Բացի այդ, երկրում դժվարացել է հարյուրավոր ճանապարհների երթևեկությունը, ինչպես նաև մասամբ դադարեցվել է երկաթուղային հաղորդակցումը:
Տվյալ պահին Մադրիդում ավտոբուսները չեն աշխատում, ավտոմեքենաների երթևեկություն չկա: Իշխանությունները տեղի բնակիչներին խնդրել են տներից դուրս չգալ, սակայն մադրիդցիները հենց ճանապարհներին ձնագնդի են խաղում, դահուկ քշում և ձնեմարդեր պատրաստում: Իսպանիայի օդերևութաբանական գործակալությունը նշել է, որ տվյալ եղանակային իրավիճակը պատմական է:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Ամիրաղյանը