Գագիկ Ծառուկյանը շարունակում է պահանջել իշխանությունների հրաժարականը
ՎերլուծականԵրևանի Ազատության հրապարակում ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից կազմակերպված «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը ի թիվս այլ հարցերի անդրադարձավ նաև երկրում ստեղծված տնտեսական, սոցիալական հարցերին:
Նրա խոսքով՝ մարդիկ այսօր արդարացիորեն իրենց դժգոհությունն են հայտնում, որովհետև երկրում տնտեսական, սոցիալական վիճակը օր-օրի վատանում է:
«Դեռ նախորդ տարի հունիսին եմ ես հայտարարել, որ գործող իշխանության երիտասարդներն անփորձ են, նրանք պետք է հրաժարական տան: Այսօր ունենք՝ տնտեսական ճգնաժամ, գործ չկա, մարդիկ չեն կարողանում կոմունալները վճարել: Հանրահավաքին գալու ճանապարհին տասնյակ մարդիկ են մոտեցել աջակցության համար: Մեկը նշում է, որ 4 երեխա ունի և չի կարողանում սոցիալական հարցերը կարգավորել, մյուսները բարձրացնում են ցածր թոշակի հարցը, նշում են, որ այս թանկացումների ֆոնին եղած գումարը չի բավարարում: Այս և մյուս խնդիրները պետք է հրատապ լուծվեն, թոշակները բարձրացվեն, բայց մեծ հաշվով ոչինչ չի արվում»,-ասաց Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ առաջնորդը խոսելով ձեռնարկատերերի մասին, նշեց որ այսօր աջակցության կարիք ունի բիզնեսը, քանի որ այսօր արդեն իսկ անլուծելի խնդիրների առջև է կանգնած: Գագիկ Ծառուկյանի ամեն ինչ արվում է բիզնեսի կյանքը դժվարացնելու և համոզմամբ պետական մարմինները պետք է որոշ վարկեր ներեն և հնարավորություն տան, որ բիզնեսը ոտքի կանգնի: Մինչդեռ, գնալով նորանոր խնդիրներ են առաջանում, որոնք է՛լ ավելի են դժվարացնում և խոչընդոտում ձեռներեցների գործունեությանը: Ստեղծված իրավիճակում Գագիկ Ծառուկյանը անհրաժեշտություն է համարում, որ իշխանությունը հրաժարական տա, քանի որ այսպես շարունակել այլևս հնարավոր չէ:
Արմինե Գրիգորյան