Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի էջը. Ալիև
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ երկարաժամկետ խաղաղության հաստատումը կախված կլինի Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից հետո ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատականից:
«Ադրբեջանը վերականգնել է միջազգային իրավունքը, գործնականում նոր իրողություններ է ստեղծել տարածաշրջանում և աշխարհում: Կարծում եմ, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության և կայունության հաստատման հնարավորությունների օգտագործումը մեծամասամբ կախված կլինի տարածաշրջանի երկրների, խոշոր պետությունների կողմից այդ իրողությունների ճիշտ գնահատումից»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Ալիևը «Նիզամի Գյանջավիի միջազգային կենտրոնի» համանախագահ, եգիպտացի գիտնական և քաղաքական գործիչ Իսմայիլ Սերագելդինի հետ տեսակապի ժամանակ:
Ալիևի խոսքով՝ «Ադրբեջանն այսօր պատրաստակամություն է դրսևորում փակելու թշնամանքի, ատելության և դիմակայության էջը»: Վերջինս հավելել է, որ իրենք արդեն անցել են տարածաշրջանի վերականգնման գործընթացի իրականացմանը:
Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին ադրբեջանական կողմը մարտական գործողություններ է սկսել Լեռնային Ղարաբաղում և օկուպացրել է դրա մեծ մասը, այդ թվում՝ Շուշի քաղաքը։
Նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին սեպտեմբերի 27-ից սկսած ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Եռակողմ հայտարարության մեջ մասնավորապես նշվում է, որ մինչև նոյեմբերի 15-ը Ադրբեջանին է վերադարձնում Քելբաջարը (ավելի ուշ այդ ժամկետը 10 օրով երկարաձգվեց-խմբ.), մինչև նոյեմբերի 20-ը՝ Աղդամի շրջանը, մինչև դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը` թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որը ապահովելու է Հայաստանի կապը, սակայն չի շոշափելու Շուշին։
Բացի այդ, շփման գծի երկայնքով Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում հաստատվում են ռուսական խաղաղապահ ուժեր 1960 զինվորականի չափով, հրազենային զենքով, 90 զրահատրանսպորտային և 380 ավտոմեքենաներով և հատուկ տեխնիկայով։ Խաղաղապահները մնում են հինգ տարի ժամանակով` ավտոմատ երկարացման հնարավորությամբ, եթե հաջորդ հինգ տարվա համար կողմերը ժամկետի լրանալուց վեց ամիս առաջ չեն հայտարարում այս դրույթի կիրառությունը դադարեցնելու մասին։