Մակրոն. Թուրքիան շարունակում է խախտել հրադադարի մասին լիբիական համաձայնագիրը
ՄիջազգայինԹուրքիան շարունակում է խախտել հրադադարի մասին լիբիական համաձայնագիրը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, հաղորդում է Libyan Express-ը։
«Տարածաշրջանում խաղաղությունն անհնար է, քանի դեռ Թուրքիան շարունակում է միջամտել՝ չնայած զորքերը դուրս բերելու եւ միջազգային օրենսդրությունը պահպանելու բազմաթիվ կոչերին»,- ասել է Մակրոնը:
Ելույթ ունենալով ֆրանսիական հեռուստատեսությամբ հեռարձակված «Էրդողան․ Սուլթանը, որը մարտահրավեր է նետում Եվրոպային» վերնագրով ֆիլմի մի դրվագում, Մակրոնն ասել է, որ Թուրքիան չի հանում իր զորքերը Լիբիայից, որպեսզի պահպանի նավթով հարուստ երկրի նկատմամբ իշխանությունը:
Միջազգայնորեն ճանաչված Ազգային համաձայնության կառավարությունը եւ Լիբիայի ազգային բանակը՝ ապստամբ հրամանատար Խալիֆա Հաֆթարի գլխավորությամբ, հոկտեմբերի 23-ին պայմանավորվել են Լիբիայի բոլոր տարածքներում մշտական հրադադարի հաստատման մասին։
Գործարքը նախատեսում է, որ բոլոր վարձկանները եւ օտարերկրյա գրոհայինները երեք ամսվա ընթացքում կլքեն Լիբիան: Սակայն, չնայած համաձայնագրին եւ միջազգային տերությունների ու ինստիտուտների այդ թվում՝ ԱՄՆ-ի եւ ՄԱԿ-ի բազմաթիվ կոչերին, օտարերկրյա զորքերը, այդ թվում՝ թուրքական, շարունակում են մնալ երկրում:
Թուրքական զորքերի դուրսբերումը Լիբիայից կքննարկվի միայն, եթե այլ օտարերկրյա զորքերը դուրս բերվեն երկրից, փետրվարին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: