Լուվրը թվայնացրել և հանրայնացրել է իր ամբողջ հավաքածուն
ՄշակույթԱշխարհահռչակ Լուվրի թանգարանը թվայնացրել և առցանց հրատարակել է իր ամբողջ հավաքածուն`արվեստի 482 000 գործ: Առցանց արխիվն անընդհատ թարմացվելու և աճելու է: Այս մասին գրում է CNN-ը:
«Այսօր Լուվրը մաքրել է իր գանձերի փոշին, նույնիսկ ամենաանհայտներինը: Առաջին անգամ յուրաքանչյուրը կարող է համակարգչից կամ սմարթֆոնից անվճար մուտք գործել ամբողջ հավաքածու՝ անկախ այն բանից, արվեստի այս նմուշները ցուցադրվում են թանգարանում, վերցվել են ժամանակավոր օգտագործման, թե գտնվում են պահեստում: Վստահ եմ, որ այս թվային բովանդակությունը էլ ավելի է ոգեշնչելու մարդկանց այցելել Լուվր և անձամբ ծանոթանալ հավաքածուներին»,-ասել է թանգարանի նախագահ Ժան Լյուկ Մարտինեսը:
Առցանց տվյալների բազայում ներառված են նաև Tuileries Gardens-ից քանդակներ և Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո վերականգնված արվեստի գործեր: Կայքը պարունակում է ոչ միայն Լուվրում ցուցադրվող գործեր, այլ նաև ժամանակավոր օգտագործման կամ պահեստավորման համար վերցված արվեստի գործեր:
Բացի այդ, առանց տանից դուրս գալու, այժմ կարելի է այցելել թանգարան օգտագործելով ինտերակտիվ քարտեզ: