Սիմոն Մարտիրոսյանի դեմ քրեական գործ հարուցվեց. քանի տարվա ազատազրկում է սպասվում (տեսանյութ)
Օրվա իրադարձություններԱրշակունյաց պողոտայում ապրիլի 12-ին, ճանապարհը չթույլատրված հատվածով անցնող 27-ամյա Կամո Ամիրխանյանին վրաերթի ենթարկած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եղել է աշխարհի և Եվրոպային չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Ռիմա Եգանյանը:
«Ապրիլի 12-ին Երևան քաղաքում տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով – հեղ.)»,- ասաց Եգանյանը: