ԵԱ. Հրայր Ալիխանյանը պարտվեց մեկնարկում
ՍպորտԼեհաստանի մայրաքաղաք Վարշավայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներից վերջինը պայքարի մեջ մտավ Հրայր Ալիխանյանը (74 կգ), որն անհաջող մեկնարկեց:
Հայ ըմբիշը պայքարը սկսեց 1/8 եզրափակիչից՝ առաջին մրցափուլում 0:10 հաշվով պարտվելով ռուս Ռազամբեկ Ժամալովին: Եթե Ռուսաստանի ներկայացուցիչը հասնի եզրափակիչ, Հրայր Ալիխանյանը հնարավորություն կստանա պայքարել բրոնզե մեդալի համար:
Ապրիլի 19-ին պայքարի մեջ մտած Արման Անդրեասյանը (70 կգ) և Արման Ավագյանը (79 կգ) երեկոյան մրցահերթում կանցկացնեն բրոնզե մեդալի համար գոտեմարտ: Անդրեասյանի մրցակիցը կլինի մոլդովացի Միխայիլ Սավան, իսկ Ավագյանն ուժերը կչափի վրացի Նիկա Կենտչաձեի հետ:
ԵԱ-ի մեկնարկային օրը Հայաստանն ուներ ևս մեկ ներկայացուցիչ՝ Գևորգ Թադևոսյանը (65 կգ), որը մեկնարկային գոտեմարտում 1:2 հաշվով պարտվել էր ադրբեջանցի Ալի Ռահիմզադեին և լքել պայքարը, իսկ Մարզպետ Գալստյանը (92 կգ) ծնկի վնասվածքի պատճառով բաց է թողնում Եվրոպայի առաջնությունը: