«Հայրենիքի» եւ ՀՀԿ-ի դաշինք կազմելու գործընթացը սկսվել է. ցուցակի մասին նորություններ չկան. Խոսնակ (ուղիղ)
TV«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշել է մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Այսօրվա՝ մայիսի 1-ին կայացած ասուլիսում այս մասին հայտնեց «Հայրենիք» կուսակցության մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը, ով ընթերցեց կուսակցության խորհրդի հայտարարությունը:
Հայտարարությունում ասվում է.
«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջեւ ծառացած աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական մարտահրավերները,
Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր եւ պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,
Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ եւ ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,
Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաեւ գաղափարական եւ ազգային այլ ուժերի համար,
Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի եւ Արցախի Հանրապետությունների ապագայի՝
«Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝
Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին եւ սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:
Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր եւ պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի եւ ժողովրդի կամքն ու երազանքը»:
Խոսնակը տեղեկացրեց, որ ցուցակի մասով, դաշինքի անվան մասով, ծրագրային դրույթների մասով դեռ նորություններ չկան, դա հավանաբար կլինի այն ժամանակ, երբ կլինի հրամանագիր ընտրություններ նշանակելու մասին: