«Գործող իշխանություններն ունակ չեն որևէ խնդիր լուծել»․ «Փաստ»
Վերլուծական«Փաստ» օրաթերթը գրում է
Ադրբեջանի գործելաոճը ոչ միայն զարմանալի չէ, այլև կանխատեսելի է, որ իրենք յուրաքանչյուր հարմար պահ բաց չեն թողնելու հերթական սադրանքներին դիմելու տեսանկյունից: Վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած բոլոր իրադարձությունները վկայում են, որ Ադրբեջանը հնարավորության դեպքում էլ ավելի մեծ մասշտաբների սադրանքների է գնալու:
«Փաստի» հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Հենակետ» վերլուծական կետրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանը: Հիշեցնենք, որ երեկ, ըստ ՊՆ-ի, ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ «Եղանակային պայմանների բարելավումը ևս նպաստավոր պայմաններ է ստեղծում հարմար դիրքեր վերցնելու, ինժեներական աշխատանքներ կատարելու տեսանկյունից, բայց մենք պետք է համակարգված դրա դեմն առնենք: Եթե թույլ տանք, վաղը մյուս օրն էլ ավելի մասշտաբային գործողությունների են դիմելու: Նման սադրանքները պետք է արդյունավետ կանխել»,-ասաց նա:
Մեր զրուցակցի կարծիքով, նմանատիպ սադրանքներին դիմակայելու, հետագայում դրանք թույլ չտալու ու նման գործողությունները կանխելու համար նախ՝ ռազմաքաղաքական ղեկավարությունը պետք է անհրաժեշտ ունակություններով օժտված լինի: «Մինչդեռ մենք տարբեր առիթներով համոզվում ենք, որ գործող իշխանություններն ունակ չեն որևէ խնդիր լուծել: Առավել ևս անվտանգային բարդ խնդիրներ լուծելու համար հմտություն, գիտելիքներ են պետք: Այս պահին պարզ, անզեն աչքով երևում է, որ նշվածներն իսպառ բացակայում են քաղաքական ղեկավարության մոտ»,-ասաց փորձագետը: Վ. Մանգասարյանի հետ զրույցում անդրադարձանք նաև տեղեկատվական դաշտին: Մասնավորապես, երբ պաշտոնական հայտարարությունների բացակայության, դրանց ոչ ժամանակին կամ իրար հակասող լինելու պարագայում վակուումը լցվում է տարատեսակ լուրերով:
«Նախկին երեք նախագահների օրոք ՊՆ-ն միակ կառույցն է եղել, որ հասարակության լայն շրջանակների կողմից մեծ վստահություն է ունեցել անկախ ամեն ինչից, այդ թվում՝ անկախ քաղաքական հայացքներից: Իսկ այսօր առկա վիճակը իր պարզ բացատրությունն ունի: Հասել ենք նման իրավիճակի ռազմաքաղաքական ղեկավարության ապաշնորհ աշխատանքի պատճառով: Հենց դրա արդյունքում է, որ մարդկանց վստահությունը կորել է: Հենց դրա պատճառով է այլ մեկնաբանությունների դաշտ բացվել: Իսկ առնվազն նախկին շրջանի վստահությունը վերականգնելու համար տարիների աշխատանք է հարկավոր: Այսօր առկա անվստահության մթնոլորտն ապաշնորհ ղեկավարման արդյունք է»,- շեշտեց փորձագետը:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում