Ալպերի գագաթին կելտերի սուրբ համալիր են գտել
ՄշակույթՖրանսիայի Կանխարգելիչ հնագիտական հետազոտությունների ինստիտուտի (Inrap) աշխատակիցները Վերին Ալպերի «սրտում» հռոմեական ժամանակաշրջանի հնագույն սրբավայր են հայտնաբերել: Բաթի-Մոնսալեոն բնակավայրում արված հայտնագործության մասին հոդվածը հայտնվել է Inrap-ի պաշտոնական կայքում:
Պեղումները Ֆրանսիական Ալպերի գագաթին սկսվել են 2010-ին, երբ այստեղ գիտնականները հռոմեական ժամանակաշրջանի ցանկապատ, ինչպես նաեւ կելտական տաճարների ավերակներ հայտնաբերեցին: 2021-ի գարնանը ուսումնասիրությունը շարունակվեց՝ այժմ Բաթի-Մոնսալեոն բնակավայրի շրջակայքում լայնածավալ պեղումներ են սկսվել: Գիտնականները պարզել են, որ հռոմեական ժամանակների պաշտամունքի համալիրն ավելի մեծ է եղել, քան ենթադրվում էր:
«Մարդիկ օգտագործում են այս վայրը մ.թ.ա. առաջին դարից եւ մինչեւ մ.թ. հինգերորդ դարը։ Մեզ հաջողվել է օբյեկտի կրոնական նպատակի վկայություններ գտնել։ Խոսքը բավականին մեծ սրբազան տարածքի մասին է, որը կոչվում էր տեմենոս: Դրա վրա են եղել տաճարները՝ ֆանան»,- ասում են ֆրանսիացի հնագետները:
Հետազոտության ընթացքում հայտնաբերվել են բազմաթիվ արտեֆակտներ եւ կացարանների ավերակներ, որոնցում ապրել են տաճարի ծառայողները: Գիտնականները գտել են, մասնավորապես, յուղի լամպեր, բրոնզե հայելիներ, մանր մետաղադրամներ եւ այլ իրեր, որոնք ցրված են եղել ամբողջ համալիրում: Բացի այդ, հայտնաբերվել է զոհաբերական յուղային լամպերով ծիսական փոս, ինչպես նաեւ՝ մարդկային մնացորդներով գերեզմաններ: