Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է․ Ալիև
ՄիջազգայինԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունն արդեն լուծված է, այս հարցի շուրջ բանակցությունների անհրաժեշտություն չկա: «Մենք ներկայումս գտնվում ենք հետկոնֆլիկտային զարգացման վիճակում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված է: Այս առումով՝ քննարկման բան չկա: Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հռչակագիրը պարզապես հրադադարի համաձայնագիր չէ, քանի որ միջազգային հանրությունը, որը կարդում է այս փաստաթուղթը, կտեսնի, որ խոսքը ոչ միայն զինադադարի, այլ նաև շատ այլ հարցերի մասին է: Մենք պետք է մտածենք հետկոնֆլիկտային իրավիճակի մասին»,- ասել է Ալիևը:
«Բաքուն Երեւանից դրական պատասխան է ակնկալում Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններից հետո խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ։ Ես բազմիցս ասել եմ, որ մենք ցանկանում ենք հետկոնֆլիկտային իրավիճակից տեղափոխվել Հարավային Կովկասի խաղաղ զարգացման և համագործակցության շրջան: Ցավոք, մենք նման բան չենք լսել ՀՀ կառավարությունից, որն անտեսում է մեր ցանկացած հայտարարություն՝ Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, հնարավոր է, որ նախընտրական իրավիճակը չի նպաստել նման հայտարարությունների: Բայց հիմա, Հայաստանում ընտրություններից հետո, մենք դրական արձագանքի հույս ունենք», - ասել է Ալիևը: