Տոկիո-2020-ի բացման արարողությանը հյուրերի թիվը չի գերազանցի 1000-ը
ՍպորտՃապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում կայանալիք 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողության ներկա կլինի 950 մարդ, հաղորդում է L’Équipe-ը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով միջոցառումը կանցկացվի առանց հանդիսականների: Տրիբունաներում ներկա կլինեն միայն պաշտոնական անձինք ու լրագրողները: Սպասվում է, որ բացման արարողության կմասնակցեն 15 երկրների ղեկավարներ:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրները կլինեն լողորդ Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը (63 կգ): Արարողությունը տեղի կունենա հուլիսի 23-ին:
Կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով Տոկիո-2020 Օլիմպիական խաղերը հետաձգվել էին մեկ տարով և կանցկացվեն 2021թ. հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Հայաստանը 17 ներկայացուցիչ կունենա 8 մարզաձևերում: