Տոկիո-2020. Արթուր Դավթյանը մեկնարկեց փայլուն ելույթով (ֆոտո)
ՍպորտԱրթուր Դավթյանը փայլուն մասնակցությամբ մեկնարկեց Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընթացող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում: Հենացատկի որակավորման փուլում Եվրոպայի եւ Եվրոպական խաղերի չեմպիոնը բարձր միավորներ վաստակեց:
Իր հիմնական մրցաձեւում երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը հավաքեց 14.866 միավոր և ընթացիկ առաջատարն է: Առաջին ցատկի վերջնամասում նա փոքր հետ քայլ արեց եւ վաստակեց 14.733 միավոր: Դավթյանը փայլուն կատարեց երկրորդ ցատկը եւ վստահ ու մաքուր ավարտեց վերջնամասը՝ առանց որեւէ քայլ կատարելու: Երկրորդ ցատկի համար հայ մարմնամարզիկը վաստակեց 15.000 միավոր:
Հենացատկի վարժության վերջնական արդյունքները հայտնի կդառնան որակավորման փուլի ավարտից հետո: Քիչ անց տեղի կունենա նժույգ թափեր վարժության որակավորման փուլը, որին ևս կմասնակցի Արթուր Դավթյանը: