«Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում». Բորելի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է բանակցություններ սկսի թալիբների հետ
ՄիջազգայինԵՄ արտաքին գործերի անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կողմ է արտահայտվել այն մտքին, որ Եվրոպական Միությունը բանակցություններ սկսի «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին Բորելը հայտնել է ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթն տված հարցազրույցում:
«Թալիբները մեզ համար դառնում են անխուսափելի զրուցակիցներ բանակցություններում: Մենք պետք է ապահովենք մեր ներկայությունը Քաբուլում և փորձենք խուսափել նրանից, որ մեզ մի կողմ թողնեն այլ գերտերություններ»,- ասել է գործիչը՝ ընդգծելով, որ այն, ինչ տեղի է ունեցել Աֆղանստանում, ողբերգություն և կատարյալ տապալում է Արևմուտքի համար:
«Դա մեծ փոփոխություններ է սահմանում ուժերի միջազգային հավասարակշռության գործում, այդ իսկ պատճառով պետք է անել հնարավոր եզրակացությունները՝ խուսափելու համարնման իրավիճակի կրկնությունից այլ երկրներում»,- հավելել է ԵՄ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել էր 12 անձից կազմված կառավարման խորհուրդ ստեղծելու մասին: Օրերս հայտնի է դարձել, որ թալիբների կազմած նոր կառավարությունը գլխավորելու է մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը: