Թուրքիան մտադիր չէ շտապել «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում
ՄիջազգայինԹուրքիան չի շտապի Աֆղանստանում «Թալիբանի» կառավարությունը ճանաչելու հարցում, այն պետք է տարբեր քաղաքական ուժեր ներառի: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլյութ Չավուշօղլուն:
«Ճանաչում է արդյո՞ք Թուրքիան «Թալիբանը»: Եկեք հապճեպ որոշումներ չկայացնենք: Պետք է, որ ստեղծվի բոլոր քաղաքական ուժերի ներգրավվածությամբ կառավարություն, որը կարող է կարգավորել ստեղծված ճգնաժամը և թույլ չտա քաղաքացիական պատերազմի հրահրում: Որպեսզի ողջ աշխարհը ճանաչի «Թալիբանը», պետք է ապահովել նման կառավարության ստեղծումը»,- ասել է թուրք նախարարը:
Նրա խոսքով՝ աշխարհին ներկայացված կառավարության կազմում միայն «Թալիբանի» ներկայացուցիչներ են ընդգրկվել:
Վերջինս հավելել է, որ Թուրքիան դեևս հրավեր չի ստացել մասնակցելու միջոցառմանը՝ նվիրված նոր աֆղանական կառավարության կազմի հայտարարմանը:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել էր 12 անձից կազմված կառավարման խորհուրդ ստեղծելու մասին: Օրերս հայտնի է դարձել, որ թալիբների կազմած նոր կառավարությունը գլխավորելու է մոլլա Աբդուլ Ղանի Բարադարը: