«Կյանքը պետք է միշտ հաղթի համաճարակներին, սահմաններին, հիվանդություններին». մեկնարկեց «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնը
ՀասարակությունԱյսօր՝ սեպտեմբերի 10-ին Երևանում տեղի ունեցավ «Յունիբանկի գավաթ» ինտելեկտուալ խաղերի միջազգային փառատոնի բացումը: Այն նվիրված է բանկի գործունեության 20-ամյակին և տևելու է երեք օր՝ մինչև սեպտեմբերի 12-ը: Այդ օրը կկայանա մրցանակների հանձնման և փառատոնի հանդիսավոր փակման արարողությունը: Փառատոնին մասնակցում են թիմեր Հայաստանից, Արցախից, Բելառուսից, Ռուսաստանից և այլ երկրներից:
Փառատոնի մեկնարկին թիմերին ողջունեց Յունիբանկի վարչության նախագահ Մեսրոպ Հակոբյանը: «Այս փառատոնը կազմակերպելով՝ մենք ցանկացանք ցույց տալ, որ կյանքը պետք է միշտ հաղթի համաճարակներին, սահմաններին, հիվանդություններին: Կյանքը պետք է միշտ հաղթի, գտնի մարտահրավեր և թույլ տա, որ մարդիկ շփվեն: Մեզ համար շատ կարևոր է, որ այսօր խելացի և զարգացած մարդիկ կշփվեն, կփոխանակվեն մտքերով, կմրցակցեն իրար հետ: Բոլորին լավ խաղ եմ մաղթում, հաջողություններ, հաղթանակներ և, ամենակարևորը, ոչ մի հիասթափություն»,-ասաց բանկի վարչության նախագահը:
Թիմերին ողջունեց նաև «Ի՞նչ, ո՞րտեղ, ե՞րբ» խաղի հաղորդավար Կարեն Քոչարյանը: «Ողջունում եմ միջազգային փառատոնի բոլոր մասնակիցներին: Շնորհակալություն եմ հայտնում պարոն Հակոբյանին, որ հնարավորություն է տվել հանդիպել երկար դադարից հետո, հավաքվել հենց այս ձևաչափով: Հաջողություն եմ մաղթում»,-ասաց Կարեն Քոչարյանը: