Ռոնալդու․ Չէի սպասում, որ ամբողջ խաղի ընթացքում ֆանատները կերգեն իմ անունը
Սպորտ12 տարի անց «Մանչեսթեր Յունայթեդ» վերադարձած 36-ամյա պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն մեկնաբանել է Անգլիայի առաջնության չորրորդ տուրում «Նյուքասլի» նկատմամբ 4։1 հաշվով հաղթանակը «Օլդ Տրաֆորդում» եւ իր խաղը։
«Չէի սպասում, որ երկու գոլ կխփեմ։ Մեկ գոլ ակնկալում էի, բայց երկու գոլ՝ ոչ։ Ես շատ եմ գնահատում մեր ֆանատներին եւ այն, ինչ նրանք արեցին այսօր ինձ համար։ Ես հպարտանում եմ դրանով։
Ամենակարեւորը հաղթելն է։ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է լինի իր տեղում՝ հաղթի, կառուցի թիմ, ստեղծի հաղթական մտածելակերպ։ Մենք կենտրոնացած ենք դրա վրա։ Իհարկե, ես ուրախ եմ, որ գոլեր խփեցի, բայց գլխավորը թիմն է եւ հաղթանակը։
Զգացողություններն անհավանական են։ Երբ մեկնարկային կազմում դուրս եկա խաղադաշտ, ես նյարդայնացած էի՝ երդվում եմ։ Բնականաբար, չէի սպասում, որ ամբողջ հանդիպման ընթացքում ֆանատները կերգեն իմ անունը։ Ինձ հրաշալի ընդունեցին, եւ ես ցանկանում եմ հաղթել եւ օգնել թիմին։
Սա անհավանական ակումբ է, եւ ես հպարտ եմ ներկայացնել այն։ Բոլորը գիտեն, որ Անգլիայում ֆուտբոլը տարբերվում է, այն ամենաառանձնահատուկն է եւ նման չէ այլ առաջնությունների»,- Ռոնալդուի խոսքը մեջբերում է BBC-ն։
Պրեմիեր լիգայի 5-րդ տուրում նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը սեպտեմբերի 19-ին կհյուրընկալվի «Վեստ Հեմին»։
«Մանչեսթեր Յունայթեդը» 10 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաեւ երկրորդ տեղում ընթացող Լոնդոնի «Չելսին»։ «Մանչեսթեր Սիթին», «Բրայթոնն» ու «Տոտենհեմն» ունեն 9-ական միավոր։