ԱԺ նախագահն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան
ՄշակույթՍեպտեմբերի 28-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է ՀՀ Ազգային հերոս Կարեն Դեմիրճյանի թանգարան, տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը:
ԱԺ նախագահը թանգարանի տնօրեն Վահագն Մամյանի ուղեկցությամբ շրջել է հիմնական ցուցասրահում՝ ծանոթանալով Դեմիրճյան պետական-քաղաքական գործչի կյանքին ու գործունեությանը վերաբերող ցուցանմուշներին:
Թանգարանում է պահվում Կարեն Դեմիրճյանին վերաբերող 8000 ցուցանմուշ, որոնք ի մի են բերվել թանգարանի ստեղծման եւ գործունեության 20 տարվա ընթացքում: Թանգարանի ֆոնդում է նաեւ Կարեն Դեմիրճյանի անձնական արխիվը:
Ալեն Սիմոնյանին հետաքրքրել է հատկապես Կարեն Դեմիրճյանի աշխատանքային հուշասրահը, որտեղ ցուցադրված է Կարեն Դեմիրճյանի՝ ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղարի պաշտոնում եւ ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում աշխատած տարիների աշխատասենյակից դրվագ, որի կահույքը այժմյան խորհրդարանի վարչական շենքից բերվել էր թանգարան:
ԱԺ նախագահը գրառում է թողել հուշամատյանում ու առանձնազրույց է ունեցել Կարեն Դեմիրճյանի այրու՝ Ռիմա Դեմիրճյանի հետ:
Հանդիպման ավարտին տիկին Ռիման Ալեն Սիմոնյանին նվիրել է Կարեն Դեմիրճյանին նվիրված գրքեր՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք: