Ռուս խաղաղապահները հումանիտար օգնություն են տրամադրել. ՌԴ ՊՆ
ՀասարակությունՌուսական խաղաղապահ զորակազմի հումանիտար արձագանքման կենտրոնի մասնագետները բարեգործական կազմակերպությունների հետ Լեռնային Ղարաբաղում իրականացրել են հերթական հումանիտար ակցիան, որի շրջանակում օգնություն են տրամադրել մանկապարտեզներին, դպրոցներին և համալսարաններին:
Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ակցիայի շրջանակում խաղաղապահները դպրոց-ինտերնատի տարածքում կարուսել են տեղադրել և մարզական և մանկական հրապարակ ստեղծել սաների համար:
«Երևանից Ստեփանակերտ է հասցվել մանկական խաղահրապարակ, որը ձեռք է բերվել «Մերսի» բարեգործական կազմակերպության կողմից: Տեղափոխումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորակազմի տրանսպորտային միջոցներով»,- հայտնել է զորակազմի ներկայացուցիչ Դմիտրի Տուսիդին:
Հաղորդվում է, որ խաղաղապահները շարունակում են անվտանգության և խաղաղության դասընթացներ և վիկտորինաներ կազմակերպել երեխաների համար, ինչպես նաև օգնություն ցուցաբերել կրթական հաստատություններին խմելու ջրի ամբարներ ստեղծելու հարցում:
Ստեփանակերտի դպրոց-ինտերնատում սովորում է 18 սան Լեռնային Ղարաբաղի սոցիալապես անապահով ընտանիքներից:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։