Շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում
ՀասարակությունԱյսօր՝ նոյեմբերի 2-ին, շտապօգնության մեքենաների վարորդները բողոքի ակցիա են իրականացնում կայանատեղիում: Նրանք բողոքում են իրենց ցածր աշխատավարձից, քաղաքապետարանից պահանջում են, որ այն բարձրացնեն:
Նրանք պահանջում են նաև, որ մեքենաները ավելանան, քանի որ նրանցից յուրաքանչյուրը, ըստ ակցիայի մասնակցիների, օրական ունենում է 30-40 կանչ և չի հասցնում անգամ ժամանակ տրամադրել սնվելու:
«Քաղաքապետարանում ով աշխատում է այս հարցով, թո՛ղ գան այստեղ՝ մեր տնօրինությունից սկսած: Ես անձամբ օրական ստանում եմ 11 700 դրամ: 3 օրը մեկ են կանչում, ամսական աշխատավարձը կազմում է 111 300 դրամ: Առավոտից երեկո բանում ենք, ոչ կարողանում ենք նորմալ հաց ուտել, ոչ կարողանում ենք մի քանի րոպե հանգստանալ: Աշխատանքը շատացել է, կովիդը շատացել է, մենք չգիտենք՝ ոնց անենք: Եթե մարդ կա, թո՛ղ գա մեր հարցի լուծումները տա: Այս աշխատավարձով մենք չենք կարողանա աշխատել»,-ասաց 6-րդ ենթակայանի վարորդ Սերժիկ Գասպարյանը:
Նա հավելեց, որ շատ ծանր կանչերին գնում են, բայց թեթեւներին՝ ոչ, ցանկանում են իրենց հարցի լուծումը ստանալ: