Երանի հայ-թուրքական սահմանը բացվեր. Հռոմի պապ
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Թուրքիա կատարած եռօրյա այցի ավարտին խոսել է հայ-թուրքական սահմանը բացելու անհրաժեշտությունից, տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը:
«Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանն իմ սրտում է: Երանի այդ սահմանը բացվի, դա այնքան լավ կլինի: Ես այդ տարածաշրջանի սահմանների բացման դյուրացման աշխարհաքաղաքական խնդիրների մասին տեղյակ եմ, սակայն կաղոթեմ, որ այդ ազգերի միջև հաշտեցում լինի»,-ասել է նա:
Ֆրանցիսկոս Պապը խոսել է նաև Սուլթան Ահմեթի մզկիթում աղոթելու մասին և ասել է. «Չեմ կարող ասել, որ Սուլթան Ահմեթի մզկիթ եկել էի որպես զբոսաշրջիկ: Այստեղի մուֆթին շատ լավ բացատրեց, թե այնտեղ ինչեր են տեղի ունեցել: Ղուրանից հատվածներ կարդաց, Աստվածածնի մասին խոսեց: Այդ պահին աղոթել ցանկացա: Մուֆթիին ասացի՝ եկ աղոթենք: Նա էլ համաձայնեց»: