Փաշինյանական իշխանության մղձավանջը
ՎերլուծականՀայաստանի ոստիկանությունը ինչպես նախկինում, այնպես էլ այս օրերին չունի պատասխան իր ապօրինությունների համար։ Երեկ կառավարության շենքի դիմացից տասնյակ անձանց են բերման ենթարկել, երբ ցուցարարները Նիկոլ Փաշինյանից պարզաբանումներ էին պահանջում Գորիս-Կապան ճանապարհի հանձնման վերաբերյալ։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանն ապարդյուն փորձում էր հիմնավորումներ ստանալ ոստիկանների ապօրինությունների վերաբերյալ։ Ուսադիրավոր և անդեմ զանգվածը վախվորած փախչում էր ԱԺ պատգամավորի հետ առերեսվելուց, մինչ վերջինս մեկ հարց էր տալիս՝ իրավական հիմքը ո՞րն է բերման ենթարկելու: Սովորության համաձայն, ոստիկանները միայն կմկմում էին՝ դիմեք լրատվական ծառայություն։ Իսկ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Խուդինյանն էլ արձագանքեց. «Դուք իրավաբան եք, եթե գտնում եք, որ անօրինական է, կարող եք բողոքարկել: 182-րդ հոդվածը՝ ոստիկանի օրինական պահանջին չենթարկվելը»:
Ընդդիմադիր պատգամավորը պնդեց, որ ոստիկանի պահանջն օրինական չէ. «Որևէ հիմք չկա մարդկանց բերման ենթարկելու: Առևանգո՞ւմ եք արա, ձեր հայ ասողի…»:
Հանրապետության հրապարակում ոստիկանները փախչում էին ընդդիմադիր պատգամավորից՝ չունենալով որևէ հարցի պատասխան։ Փախչում այնպես, ինչպես վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն էր փախչում Ազգային ժողովում, երբ չուներ ողջամիտ որևէ պատասխան ընդդիմադիր պատգամավորի հիմնավոր հարցերին։
Ակնհայտ է, Փաշինյանի «ֆաս» հրամանով աշխատող իրավապահները առյուծ են կտրում միայն խեղճուկրակ քաղաքացիների առջև, իսկ կիրթ և ամուր պատգամավորին տեսնելիս սարսափում են։ Արթուր Ղազինյանի ներկայությունը փողոցում և խորհրդարանում իշխանության գլխավոր դիսկոմֆորտներից մեկն է դարձել, փաշինյանական իշխանությունը ահաբեկված է նրա և մյուս ընդդիմադիր պատգամավորների գործունեությունից։
Ռոբերտ Մնացականյան