Տարօրինակ նշանակումներ Հայաստանի կառավարությունում
ՎերլուծականՀայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը երեկ փոխվարչապետի պաշտոնում նշանակել է Արմավիրի 29-ամյա մարզպետ Համբարձում Մաթևոսյանին։ Վերջինիս այդ պաշտոնի համար առաջարկել էր Նիկոլ Փաշինյանը։ Փոխվարչապետի պաշտոնը թափուր էր մնացել, երբ զինվորական գործի հետ երբևէ առնչություն չունեցած Սուրեն Պապիկյանին պաշտպանության նախարար նշանակեցին։ ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նախքան Մաթևոսյանի թեկնածությունն առաջադրելը, Նիկոլ Փաշինյանը հինգ-վեց կուսակիցների է առաջարկել դառնալ փոխվարչապետ, սակայն նրանք բոլորն էլ, մի պատրվակ գտնելով, հրաժարվել են։ Արդյունքում որոշում է կայացվել անկուսակցական Մաթևոսյանին առաջարկել այդ պաշտոնը։
Փաշինանը երեկ մեկ այլ տարօրինակ նշանակում էլ արել, Իրանում նախկին դեսպան, Ռոբերտ Քոչարյանի օրոք վեց տարի նախագահի աշխատակազմի ղեկավար և «Լինսի» հիմնադրամի համակարգող աշխատած Արտաշես Թումանյանին նշանակել է վարչապետի խորհրդական։ Նիկոլ Փաշինյանի խմբագրած թերթը տարիներ շարունակ անդրադարձել է Թումանյանի գործունեությանը, քննադատել աղետի գոտում հիմնադրամի աշխատանքներն ու կատարված չարաշահումները, իսկ պատերազմի ժամանակ գործող իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենց դժգոհությունն են հայտնել Իրանում դեսպանի պաշտոնում Արտաշես Թումանյանի ցուցաբերած վարքից։
Առաջիկայում նոր և շատ ավելի արտառոց նշանակումներ են սպասվում։ Ընդ որում, մեր աղբյուրը նշեց, թե Փաշինյանը որևէ մեկի հետ չի քննարկում այդ նշանակումները։ Դրանց մասին «Քաղաքացիական պայմանագրի» անդամները տեղեկանում են մամուլից։ Իշխանական պատգամավորներն անգամ կասկածներ ունեն, թե այդ նշանակումները Փաշինյանին պարտադրվում են այլ կետից, վերջինս էլ չի կարողանում ընդդիմանալ։ Այս իրավիճակը լուրջ մտահոգություններ է առաջացրել իշխող վարչախմբի շարքերում։ Նրանք սկսել են մտածել, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես հանձնում է իշխանությունը, և ինչ-որ պահի կարող է փախչել՝ իրենց միայնակ թողնելով։
Վարդան Սանթրոսյան